Чт. Мар 28th, 2024

Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի, Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը, քո ողորմությամբ պահիր քո ծառային անփորձանք և անսայթաք պահպանիր նրան երևելի և աներևույթ թշնամու որոգայթներից: Պահպանիր քո ծառային չար աչքից ու չար լեզվից, սրից եւ երևացող ու աներևոյթ բոլոր հարվածներից. Ամեն:


Տե՛ր Հիսուս Քրիստոս, բա՛ց սրտիս աչքերը՝ լսելու Քո խոսքը, հասկանալու և կամքդ կատարելու, քանզի պանդուխտ եմ ես այս աշխարհում: Մի՛ ծածկիր ինձնից Քո պատգամները, այլ բա՛ց իմ աչքերը, որ հասկանամ օրենքիդ հրաշալիքները, հայտնի՛ր ինձ Քո իմաստության անհայտն ու ծածուկը:

Ես Քեզ եմ ապավինում, Աստվա՛ծ իմ, թող Քո մտքի լույսով լուսավորվի նրա իմաստը, որ ոչ միայն գրվածը կարդամ, այլև կատարեմ, որպեսզի մեր կարդացած խոսքերն ու սուրբերի վարքը մեզ ի վնաս չլինեն, այլ ի նորոգություն, լուսավորություն, սրբագործություն, ի փրկություն հոգու և ի ժառանգություն հավիտենական կյանքի:

Զի Դու ես լուսավորում խավարի մեջ նստածներին, և Քեզնից է ամենայն բարիք ու ամենայն կատարյալ շնորհ: Ամեն