Вт. Фев 27th, 2024

32 հայ զինծառայողներ կազատվեն ադրբեջանական գերությունից, իսկ Հայաստանն ազատ կարձակի ադրբեջանցի 2 գերիներին: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Դրական կգնահատեմ, որովհետև հնարավորություն է ստեղծել, որպեսզի 32 գերի վերադառնա Հայաստան, նաև հնարավորություն է ստեղծվել ուղիղ պայմանավորվածություններ ձեռք բերել Բաքվի հետ, ինչը նաև աննախադեպ էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն անեն և նման արդյունքներ ունենան»,-ասել է ԱԽ քարտուղարը:

Նա հայտնել է, որ ոչ մի միջնորդ այս բանակցություններին որևէ մասնակցություն չի ունեցել: Հայաստանը և Ադրբեջանը միասին են քննարկել այս հարցերը: Արմեն Գրիգորյանը նշել է նաև, որ բացի 2 գերիներից, Հայաստանը համաձայնել է զիջել Կլիմայի փոփոխության կոնֆերանսի կազմակերպչի թեկնածությունը և աջակցել Ադրբեջանի թեկնածությանը:

«Առաջնահերթ հումանիստական քայլ է, որովհետև հումանիտար հարցեր են լուծվել, բայց նաև սա ցույց է տվել, որ հնարավորություն կա համաձայնության գալու և, կարծում եմ, որ շատ կարևոր դրական քայլ էր դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում, որովհետև այս փորձը այն քայլն էր, որը ցույց տվեց, որ ցանկություն կա շարժվելու խնդիրները լուծելու տրամաբանությամբ, և դրա ամենամեծ հնարավորությունը խաղաղության համաձայնագիրն է»,-ասել է Արմեն Գրիգորյանը:



նյութի աղբյուր