Чт. Сен 29th, 2022

Պատերազմի ավարտից մեկ տարի 4 ամիս անց Մարտունու շրջանի Շեխեր գյուղի բնակիչ Արարատ Ղուլյանի մարմինը Եղեգնաձորի դիահերձարանից տեղափոխվեց Արցախ։

2020թ․-ի նոյեմբերի 14-ին, երբ Շեխերն արդեն ադրբեջանական վերահսկողության տակ էր, 35-ամյա Արարատ Ղուլյանը, հակառակ հոր հորդորներին, գնացել էր գյուղ, որտեղ էլ սպանվել էր։ Նրա մարմինը օրեր անց՝ նոյեմբերի 22-ին, հայտնաբերում և դուրս են բերում որոնողական աշխատանքներ իրականացնող ջոկատները։ Աճյունի նույնականացման լուրը, սակայն ընտանիքին հայտնել են այս տարվա մարտին։

2021թ․-ի դեկտեմբերի 14-ին «Հետքի» լրագրողները հանդիպել էին պատերազմի ժամանակ Շեխեր գյուղից տեղահանված և Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղում բնակվող Ղուլյանների ընտանիքին։

Գյուղում հարցուփորձ անելուց հետո, երբ վերջապես գտանք Ղուլյանների տունը, որդու անունը լսելիս Արարատի մոր՝ Ռիտայի աչքերը միանգամից արցունքակալեցին։

-Ի՞նչ լուր կա Արարատից, գտե՞լ եք տղայիս։

Այդ ժամանակ Արարատ Ղուլյանից դեռևս որևէ նորություն չկար։ Նրա հետ կապը կորել էր 2020թ․-ի նոյեմբերի 14-ից, այդ օրը նա հարևան Սարուշեն գյուղից գնացել էր Շեխեր, որը, հոկտեմբերի 28-ից սկսած, Ադրբեջանի վերահսկողության տակ էր։

«Ինքն անընդհատ ասում էր, որ ուզում է գյուղ գնա, անընդհատ ասում էր։ Էդ մի անգամն էլ մի քիչ խմած է եղել, վեր է կացել, հայրն էլ չի կարացել պահի․ գնացել է։ Մենք էդ ժամանակ էստեղ չէինք, պատերազմի ժամանակ գնացել էինք Հայաստան՝ Աղվերան գյուղ, ու դեռ հետ չէինք եկել»,- ասում է Ռիտան՝ ձեռքում սեղմած Արարատի նկարը։

Դա որդու միակ լուսանկարն էր, որ մայրը պահում էր թղթապանակում, այդտեղ էին տղայի բոլոր փաստաթղթերը, որոնք ամիսներ շարունակ Ռիտան այստեղից այնտեղ էր տանում՝ ամեն անգամ հուսալով ստանալ մի ինչ-որ նորություն։

-Քանի՞ երեխա ունեք,- հարցնում ենք։

-Հիմա՝ երկու,-ասում է Ռիտան։

-Երե՛ք,- ուղղում են կողքից։

-Արարատն էլ չի գալու․ հիմա երկուսն են,- առանց շրջվելու կրկնում է Ռիտան։

Այն ժամանակ, երբ Արարատ Ղուլյանի մահվան հանգամանքը հաստատված չէր, Ռիտան կարծում էր, որ տղան ողջ է և Ադրբեջանում հովվություն է անում։

Արարատը ընտանիքի երկրորդ զավակն էր՝ կորելու պահին 35 տարեկան։ Մոր խոսքով՝ տղան հոգեկան առողջության խնդիրներ ուներ։ Արարատի քեռին՝ Վլադիկ Ավանեսյանը, հոկտեմբերի 22-27-ը մասնակցել է Շեխեր գյուղի պաշտպանական մարտերին։ Նա պատմում է, որ այն ժամանակ, երբ գյուղում մարտեր էին ընթանում, նրան տեղեկացնում են, որ Արարատին գյուղում տեսել են։

«Գնացի Արարատին ու հորը՝ Վլադիկին, նստեցրի ավտոն, բերեցի մեր պոստ, էդ ժամանակ թուրքերն արդեն գյուղում էին, մի օր մնացինք, հաջորդ օրը տարա Սարուշեն, գյուղապետին էլ խնդրեցի, որ ուշադիր լինի»,- պատմում է Վլադիկ Ավանեսյանը, նրա որդին նույնպես պատերազմի ժամանակ՝ նոյեմբերի 7-ին, զոհվել է։

Արարատ Ղուլյանի մահվան մասին ընտանիքը տեղեկացվել է այս տարվա մարտին։ Ռիտա Ղուլյանը որդու աճյունի նույնականացման նպատակով երկու անգամ ԴՆԹ փորձաքննության համար արյուն է հանձնել։ Միայն գործի ընթացքի վերաբերյալ պարբերական հարցումների և բազմաթիվ հեռախոսազանգերի արդյունքում հնարավոր եղավ Եղեգնաձոր քաղաքի դիահերձարանից գտնել Արարատ Ղուլյանի մարմինը։

«Գնացի Հերացի հիվանդանոց, որ աճյունի տեղափոխման հարցերով զբաղվեմ, ինձ էնտեղ ասեցին՝ ինչի՞ շուտ չէիք գալիս տանելու, ինչքան ժամանակ է հաստատված է։ Բայց մեզ ոչ մեկը բան չէր ասել, որ օրը ես իմացել եմ, հաջորդ օրը գնացել եմ։ Հակառակի նման էլ էդ օրերին եղանակը Ղարաբաղում շատ վատացավ, ճամփեքը փակ էին, սպասեցինք մինչև բացվեր, մարտի 27-ին տարանք դին, հաջորդ օրը հուղարկավորեցինք։ Հայաստանում, որ աճյունը տվեցին մեզ, հետը ոչ մի թուղթ չտվեցին, էդպես վերցրինք, բերեցինք Լուսաձոր»,-պատմում է Վլադիկ Ավանեսյանը։

Քեռու խոսքով՝ Արարատի մարմինը ճանաչելի է եղել՝ գլխի վրա հրազենային վիրավորմամբ։ Մահվան վկայականի քաղվածքում որպես մահվան ամսաթիվ նշված է 2020թ․ հոկտեմբերի 22, ինչը սխալմունք է, քանի որ Արարատ Ղուլյանը սպանվել է նոյեմբերի 14-ից հետո։

Ղուլյանների ընտանիքը հիմա ապրում է Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղում՝ բնակիչներից մեկի տանը։ Բազմամարդ այս ընտանիքում ապրում են 60 տարեկանին մոտ Ռիտան, ամուսինը՝ Վլադիմիրը, աղջիկը՝ Ժաննան, տղան՝ Դավիթը, հարսը՝ Կարինան, ու 7 թոռները։ Այս պահին ընտանիքի ապրելու հիմանական միջոցը պետությունից ստացվող թոշակներն ու օգնություններ են։

Արարատ Ղուլյանից բացի, պատերազմի ժամանակ Շեխեր գյուղում սպանվել է ևս մեկ քաղաքացիական անձ՝ Հմայակ Միրզոյանը։ Առաջիկայում «Հետքը» կանդրադառնա նաև այս դեպքի մանրամասներին։