Ср. Фев 28th, 2024

Կոնվերս Բանկը հայտարարում է «Եվրոթերմ» ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման մասին: Ազդագիրը Կենտրոնական բանկում գրանցվել է սույն թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1/575 որոշմամբ:

Թողարկման ընդհանուր ծավալը 500 մլն ՀՀ դրամ է, արժեկտրոնի եկամտաբերությունը 12,5%, ժամկետը՝ 36 ամիս, տոկոսների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

Պրոդուկտին առավել շատ անձանց հասանելիություն ապահովելու նպատակով սահմանվել է պարտատոմսերի ձեռքբերման ցածր շեմ՝ նվազագույնը տասը հատ պարտատոմս՝ յուրաքանչյուրը 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով:

Ըստ որում, պարտատոմսեր գնել հնարավոր է նաև Converse Mobile հավելվածում՝ մուտք գործելով «+», ապա՝ «Կատարել ներդրում» և հետևելով հրահանգներին:

Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանն ասում է. «Ուրախ ենք հայտարարել Բանկի նոր B2B և B2C ծառայության մասին: Կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխմամբ ներդրողներին հնարավորություն ենք տալու դիվերսիֆիկացնել իրենց ներդրումները՝ օգտվելով նոր հնարավորությունից, իսկ թողարկող ընկերություններին՝ տեղաբաշխման արդյունքում ներգրավել միջոցներ, դառնալ ավելի հանրային ու ճանաչելի: Հարկ եմ համարում նաև նշել այս գործընթացի կարևորությունը բորսայական առևտրի աշխուժացման և կապիտալի շուկայի կայացման առումով՝ հաշվի առնելով իրական հատվածի կազմակերպությունների սակավաթիվ թողարկումները: Տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող թողարկողների առկայությունն անչափ կարևոր է մեր երկրի ֆինանսական շուկայի համար, ինչով պայմանավորված՝ այսուհետ ակտիվորեն աշխատելու ենք այս ուղղությամբ»:

«Եվրոթերմ» ընկերությունում նշում են, որ պարտատոմսերի տեղաբաշխումը մեծ առաջխաղացում է՝ միտված աշխատանքային գործընթացների և կորպորատիվ կառավարման բարելավմանը, զարգացմանը, իսկ երկարաժամկետ առումով՝ նաև ընկերության կազմաիրավական ձևի փոփոխությանը:

«Եվրոթերմ» ընկերության գործադիր տնօրեն Վահե Ղազարյանն ասում է. «Ի սկզբանե «Եվրոթերմ» ՓԲԸ-ի նպատակներից է եղել դառնալ բաց բաժնետիրական ընկերություն։ Արժեթղթերի թողարկումը լավագույն տարբերակներից մեկն է մեր նպատակին մեկ քայլ ավելի մոտ լինելու համար։

Պարտատոմսերի թողարկումները կբարձրացնեն ընկերության տեսանելիությունը և նրա նկատմամբ վստահությունը ֆինանսական շուկաներում, կնպաստեն նոր ներդրումների ներգրավմամբ արտադրության ընդլայնմանն ու կապիտալի կառուցվածքի դիվերսիֆիկացմանը: Մյուս կողմից, սա ընկերության և մեր պրոդուկտների նկատմամբ հաճախորդների լոյալությունը բարձրացնելու հիանալի հնարավորություն է»:

Տեղաբաշխումից հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում` երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

Թողարկման և տեղաբաշխման մանրամասներին, Ծրագրային ազդագրի վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղումով:

Նշենք, որ Կոնվերս Բանկը հիմնադրվել է 1993թ. և մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ: Սեպտեմբերի 30-ի դրությամբ Բանկի ակտիվները կազմել են մոտ 489 մլրդ ՀՀ դրամ, իսկ պարտավորությունները՝ 417 մլրդ ՀՀ դրամ:

Կոնվերս Բանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է պարտատոմսերի թողարկման ծավալով: 2017թ-ից ի վեր թողարկել է մոտ 41.6 մլրդ ՀՀ դրամին համարժեք ընդհանուր ծավալով դրամային և արտարժութային պարտատոմս, իսկ ներկա պահին Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվում է մոտ 19.7 մլրդ ՀՀ դրամին համարժեք ընդհանուր ծավալով դրամային և արտարժութային պարտատոմս:

«Եվրոթերմ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ-ին և շուկայում ներկայանում է «Նոյան», «Մենք» ապրանքանիշներով: Ունի սեփական այգիներ Արմավիրի մարզի Վանանդ և Բագարան գյուղերում։

«Եվրոթերմ»-ը ՀՀ-ում հյութերի և նեկտարների, մուրաբաների և բանջարեղենային պահածոների խոշորագույն արտադրողներից և արտահանողներից մեկն է։ Արտահանման հիմնական շուկաներն են ՌԴ-ն, ԱՄՆ-ը և եվրոպական որոշ երկրներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:



նյութի աղբյուր