Ср. Фев 1st, 2023

Ուռուցքներ՝ նորագոյացություններ կամ բլաստոմաներ, որոնք իրենցից ներկայացնում են օրգանիզմի սովորական ձևն ու ֆունկցիան կորցրած բջիջներից կազմված հյուսվածքների ավելցուկային տարաճումներ։

Դրանց առանձնահատկությունն այն է, որ շարունակում են բազմանալ նաև ուռուցք առաջացնող գործոնի ազդեցությունն ընդհատելուց հետո։ Ուռուցքային բջիջների տարտաճումը տեղի է ունենում որոշակի ձևով:

Այդ բջիջների նոր հատկությունները փոխանցվում են իրենց սերունդներին։ Ուռուցքները կազմված են բուն հյուսվածքից (պարենքիմ) և շարակցահյուսվածքային պատյանից (ստրոմա)։

Բուն հյուսվածքը կազմում է նրա հիմնական զանգվածը, որով որոշվում են ուռուցքի աճն ու բնույթը։ Շարակցահյուսվածքային պատյանի մեջ մտնում են ուռուցքները սնող արյան անոթներն ու նյարդերը։


Բարորակ ուռուցքներ
Բարորակ ուռուցքները բնորոշվում են դանդաղ աճով, շրջակա հյուսվածքներից սահմանափակված են թաղանթով, ուռուցքի բջիջները օրգանիզմի մեջ արյան և ավշի հոսքով չեն տարածվում:

Բարորակ ուռուցքները չեն ազդում մարդու ընդհանուր վիճակի վրա մինչև այն պահը, քանի դեռ այն չի ճնշում շրջակա հյուսվածքների, օրգանների, նյարդային ցողունների, արյան անոթների վրա՝ առաջացնելով նրանց գործողության խանգարում[1][2][3][4]:

Բարորակ ուռուցքները չեն ճյուղավորվում, բայց կարող են վտանգավոր լինել իրենց տեղադրությամբ։ Այդպիսի օրինակ կարող է ծառայել գլխուղեղի բարորակ ուռուցքը, որը ճնշում է նրա որևէ բաժինը և խանգարում կենսական կարևոր ֆունկցիաները։