Ср. Фев 28th, 2024

Ալեքսանդր Դավթյանն ընդամենը 11 տարեկան է: Մինչև բռնի տեղահանումն ապրում էր Ստեփանակերտ քաղաքում: Ալեքսանդրի մտապատկերում դաջվել են արցախյան քառօրյա, 44-օրյա և այս վերջին պատերազմի ընթացքը: Մեր այն հարցին թե ինչպես է ընդունել պատերազմի մասին լուրը, պատասխանում է՝ շատ սովորական և ծիծաղով նշում է՝ «11 տարեկանում 3 պատերազմից էլ իմ հուշերն ունեմ»:

«Ստեփանակերտում սովորում էի Գրիբայեդովի անվան համար 3 դպրոցում, միաժամանակ հաճախում էի Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի Ջութակ բաժնի դասերին: Այս դասերից դուրս նաև հաճախում էի բասկետբոլ մարզաձևի դասընթացներին: Հետաքրքիր էր անցնում իմ օրերը Ստեփանակերտում, անգամ բլոկադայի օրերին: Սկզբից բլոկադան զարմանքով ընդունեցինք, պատրաստ չէինք, իսկ հետո արդեն հարմարվեցինք առօրյա նոր գրաֆիկին: Ընկերներիս հետ գնում էի գյուղերից բերված միրք, բանջարեղենի, մսի հերթ կանգնում: Այդպես օգնում էինք նաև մեր ծնողներին»,- ArmLur.am-ի հետ զրույցում Ստեփանակերտում իր անցկացրած օրերն է վերհիշում փոքրիկ Ալեքսանդրը:

Արցախի որդիներն, անշուշտ, շուտ են մեծանում ու պատասխանատվություն կրում իրենց փխրուն ուսերին: Ալեքսանդրի նման շատ ու շատ երեխաներ բլոկադայի օրերին հնարավորինս են արել՝ օգնելու իրենց ծնողներին, տատիկ-պապիկներին, երբեմն էլ բոլորովին անծանոթ մեկին:

Ալեքսանդրն այժմ ապրում է Երևանում և Երևանում էլ դպրոց հաճախում: Ասում է, որ դպրոցում ամեն ինչ լավ է, դասընկերների հետ շուտ է մտերմացել, սակայն կարոտում է իր ստեփանակերտցի դասընկերներին:

«Շատ եմ կարոտել մեր քաղաքի դպրոցն ու դասընկերներիս: Երևի դասղեկն էլ մեզ էր կարոտել ու կազմակերպել մեր դասարանի հանդիպումը Երևանի Բուսաբանական այգում: Գնացել այգում զբոսնել ենք, խաղացել»,- ասում է Ալեքսանդրը և հավելում, որ դասղեկը խոսք է տվել նման այցելություններ Հայաստանի տեսարժան վայրերում հաճախակի է կազմակերպելու:

Անդրադառնալով Նոր տարվա սպասումներին՝ Ալեքսանդրն ասում է.

«Միշտ էլ սիրել եմ Նոր տարին ու մեծ ուրախությամբ եմ սպասել նրա գալիքին: Հիմա էլ եմ սպասում և մի մեծ ցանկություն եմ պահել, որ գնամ Ստեփանակերտ ու այնտեղ գտնեմ իմ ընկերներին»:

Նանիկ Աղասյան

 



նյութի աղբյուր