Чт. Апр 25th, 2024

Գեղարքունիքի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում բռնկված հրդեհը տեսել են նաեւ բնակիչները, զանգահարել են Հրշեջ ծառայություն։ Այս մասին 24News-ին ասաց Վարդենիսի համայնքի Ազատ բնակավայրի վարչական ղեկավար Սիմոն Սահակյանը՝ անդրադառնալով ողբերգությանը, որի հետեւանքով զինծառայողներ են մահացել, վիրավորվել։

Սահակյանն ասաց, որ պայթյուն չի եղել. «Կրակը տեսել ենք, զանգել ենք, մինչեւ պաժառնին էկավ, արդեն ուշ էր»։

Վարչական ղեկավարն ասաց, որ գյուղից ժամկետային, պայմանագրային զինծառայողներ չեն եղել. «Կացարան էր։ Կացարանը լրիվ վառվել է»։

Ինչ վերաբերում է հրդեհի բռնկման պատճառներին, ապա վարչական ղեկավարը ենթադրում է, որ այն բռնկվել է վառարանից։

Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: «Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. տվյալները ճշտվում են»։

«Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր»,- ավելի ուշ հայտնել էր ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։