Пт. Мар 29th, 2024

Շուրջ 6 ժամ տևած մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը պաշտոնական տվյալներով ունի մեկ զոհ, իսկ 24 զինվորների ճակատագիրն այժմ անհայտ է: Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ նրանց հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։ Այս 24 զինծառայողների հայտնաբերման աշխատանքներ են ընթանում, ներգրավված են նաև ռուս խաղաղապահները։

Ենթադրվում է, սակայն, լիարժեք որոնումներ հնարավոր չէ իրականացնել, քանի որ Ադրբեջանի հսկողության տակ անցած տեղանքը անհասանելի է հայկական կողմի համար։ Ադրբեջանը գերեվարել է նաև 13 հայ զինծառայողների:

«​Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ», — ասված է հայտարարությունում։

Գերեվարվածների անուն ազգանունները կան, սակայն ճշտումները շարունակվում են, ասում է Ստրասբուրգի դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, ծնողներ կան՝ Ադրբեջանի տարածած տեսանյութերում են գտել իրենց որդիներին:

«Քաղաքական գործընթացներ լինելու են շատ ակտիվ՝ պայմանավորված ռուսական կողմի ներգրավվածությամբ, և բնականաբար, դրանք նաև համատեղվում են իրավական գործընթացներով, ուղղակի իրավական գործընթացների համար որոշ փաստերի հստակեցման անհրաժեշտություն կա, որն ընթացքի մեջ է», — ասաց Սահակյանը:

Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողը 30-ամյա պայմանագրային Մերուժան Հարությունյանն է: Ծնունդով Գյումրեցի է, պայմանագրային զինծառայության էր եղբոր հետ: Նրա ազգականները սոցցանցում գրել են՝ Մերուժանի մարմինն այսօր տեղափոխվում է Գյումրի, ապա՝ կհուղարկավորվի Եռաբլուրում: Մերուժան Հարությունյանը երկու անչափահաս երեխաների հայր էր:

Ադրբեջանը պաշտոնապես հայտնում է 7 զոհի և 10 վիրավորի մասին։