Пт. Мар 29th, 2024

Ամուսնությունից հետո Չինաստանում բնակություն հաստատած երգչուհի Սուսաննա Պետրոսյանն այս ընթացքում ամուսնու և 2-ամյա դստեր հետ Երևանում է։ Նրանք Հայաստան են եկել կարճ ժամանակով՝ հանդիպելու ընտանիքի և հարազատների հետ։


Tert.am Life-ը Սուսաննայի հետ զրուցել է Չինաստանի կյանքի, ուսման, դստեր և այնտեղ երաժշտական խումբ ունենալու մասին։

«Շատ-շատ ենք կարոտել բոլորին։ Այս անգամ բալիկս այն գիտակից տարիքում է, որ իր համար Երևանը շատ հետաքրքիր է՝ արդեն հասկանում է, հարազատներին ջերմ է ընդունում։ Ինձ թվում է, երբ հետ վերադառնանք իր համար մի փոքր դժվար կլինի, որովհետև հիմա շատ է կապվել հարազատների՝ տատիկների, պապիկների հետ»,- ասաց երգչուհին։


Չինաստանում Սուսաննան սովորում է համալսարանում՝ մասնագիտանալով չինարենի մեջ։ Սակայն երգչուհին, չնայած հագեցած գրաֆիկին, կարողանում է ժամանակ հատկացնել նաև երաժշտությանը․ «Չինաստանում հիմնական զբաղվածությունս դասերն են։ Ես ուսանող եմ՝ մասնագիտանում եմ չինարենի մեջ, հանդես ենք գալիս համերգներով և դաստիարակում եմ դստերս։ Համալսարանում սովորելու դեռ երկու տարի ունեմ։ Ինչպես նշեցի, զբաղվում եմ երաժշտությամբ՝ տեղի ընկերնեիս հետ խումբ ունենք և պետական մակարդակով կազմակերպվող համերգներին ևս մասնակցում ենք, հրավերներ ենք ստանում»։

Երգչուհու խոսքով Չինաստանում համացանցից և հատկապես սոցցանցերից օգտվելու խնդիր կա և դա է պատճառը, որ ինքն այստեղ երկրպագուների և հետևորդների հետ հիմնականում չի կարողանում կիսվել այն ամենով, ինչով զբաղվում է այնտեղ։ Սուսաննան հայտնեց, որ օրեր անց վերադառնալով Չինաստան, ևս մի համերգային ծրագիր ունի․ «Հիմա էլ արդեն, երբ մեկնեմ՝ հեռուստատեսային հաղորդման շրջանակներում համերգային ծրագիր ունեմ։

Աշխատանքային, կրթական զբաղվածությունս շատ մեծ է և այդ ամենը փորձում եմ նաև համատեղել ընտանիքիս և բալիկիս դաստիարակության հետ։ Այս պահին առաջնայինն ընտանիքս է, բալիկս և կրթությունս»։

Թե ինչպես է հետագայում պատկերացնում մասնագիտությունը և որտեղ է օգտագործելու չինարենի գիտելիքները՝ Սուսաննան ասաց․ «Չեմ մտածում այն ուղղությամբ, թե հետագայում ինչ եմ անելու։ Կյանք է և չես կարող ասել, թե ապագայում ինչ կլինի։ Այս ամենի ֆոնին հասկացա, որ երաժշտությունն իմ կյանքի հիմնական մասնագիտությունն է, ես իմ կյանքը չեմ պատկերացնում առանց երաժշտության։ Բայց հասկանում եմ նաև, որ կողքից, ամեն դեպքում, որևէ այլ մասնագիտություն հաստատ պետք է գալիս»։

Երգչուհին նշեց՝ իր համար էլ է զարմանալի, սակայն ինքն արդեն սովորել է այնտեղի կյանքին, կենցաղին և առօրյային․ «Բնականաբար մտադիր չենք մշտական բնակություն հաստատել։ Այնտեղի զբաղվածությունս բավականին մեծ է և չի թողնում, որ շատ կենտրոնանամ կարոտելու և իմ այստեղի կյանքի վրա։ Սակայն այդ ամենով հանդերձ, , երբ վերադառնում եմ Երևան, միանգամից վերհիշում եմ, ավելի շատ եմ կարոտում»։