Чт. Апр 25th, 2024

5-16-րդ դարերում բնակավայրն ունեցել է գյուղի կարգավիճակ և կոչվել Քարվաճառ, որտեղ բնակվել են հայեր[8][9][10][11][12]։ 1812-1920 թվականներին այնտեղ բնակություն հաստատած քրդերի կողմից տեղանունը աղավաղվել է, և բնակավայրը սկսել է կոչվել Քյարվաջար, զուգահեռաբար 19-րդ դարից՝ Քյալբաջար[8]։ Խորհրդային տարիներին բնակավայրը սկսել է կոչվել Քելբաջար։ Արցախյան պատերազմի ժամանակ՝ 1993 թվականին տեղի ունեցած Քարվաճառի ազատագրման ռազմագործողությունից հետո, երբ բնակավայրը ներառվեց Արցախի Հանրապետության կազմում, սկսեց կրկին կոչվել Քարվաճառ[2][3][4][5][6]։ Խորհրդային Միության փլուզումից հետո ադրբեջանցիները շարունակել են կոչել Քելբաջար։

Քաղաքի տեղանվան ստուգաբանության վերաբերյալ առկա են բազմաթիվ տեսակետներ, այդ թվում՝ գիտական և ժողովրդական[13][8]։

Ըստ ժողովրդական տեսակետի` «Քարվաճառ» անվանումը բացատրվում է իբրև քար վաճառելու վայր լինելով։ Սակայն այս տեսակետը հիմնավորում չունի[13][8]։

Գիտական տեսակետներից մեկի համաձայն` հավանական է, որ տեղանվան ծագումն առաջացել է հին Արևելքում տարածված «քար» (գաղութ, ավան) բառից, որը հանդիպում է Միջագետքում և նրա շրջակայքում։ Այդպիսի օրինակներ են Քար-Դունիաշ (Բաբելոնի կասիտերեն անվանումը), Քար-Բաշշի (կասիտական բնակավայր Մեդիայում), Քար-Նիելիլ (քաղաք Ասորեստանում), Քար-Թուքուլթի-Նինուլթա (բնակավայր Ասորեստանում), Քար-Շամաշնասիր (բնակավայր Ասորեստանում), Քար-Նուրի (բնակավայր Ասորեստանում), Քար-Շուրմանուաշաբեդ (Թիլ-Բարսիբ քաղաքի վերանվանված ձևը ասուրերենում), Քար-Ռրիգալլի (Մեդիայի Քիշասա քաղաքի ասուրերեն անվանումը), Քար-Սիպպուր (ամրոց և մարզ Մեծ Զաբ գետի ավազանում) և այլն[13][8]։


Վերջին հետազոտությունների համաձայն` «Քարվաճառ» տեղանվան ձևավորումն ունի միանգամայն այլ բովանդակություն։ Մասնավորապես՝ Հայկական լեռնաշխարհում հայտնի են բազմաթիվ բերդեր, որոնց անվան մասն է «քար» բառը, ինչը բոլոր այդ դեպքերում փոխարինում է և համարժեք է «բերդ» բառին, այսինքն` տեղանունների կիրառման մեջ «քար» կամ «բերդ» (ամրոց) բառերը նույնիմաստ են։ Այդպիսի օրինակներ են Վասպուրականի Քարհերձը (բերդ Զակամում), Քար Ամյուկը («Քար Ամկոյ») և Քար Մանակերտը, Կիլիկիայի բերդեր Քարն Սարվանդին և Դեղնքարը։ Ուստի «Քարվաճառ» տեղանվան ծագումը պայմանավորված է նրա բերդ լինելու հանգամանքով։ Բացի այդ, Քարվաճառի տեղանքն ունի միջնադարյան բերդերին բնորոշ բոլոր կարևոր հատկանիշները՝ տեղանքի դժվարամատչելիություն, ջրի առկայություն, ձորերն ու ճանապարհները հսկելու հնարավորություն[8]։


Աշխարհագրություն
Արցախի Հանրապետության Քարվաճառ համայնքը տեղաբաշխված է հանրապետության կենտրոնական հատվածում։ Մայրաքաղաք Ստեփանակերտից գտնվում է 125 կմ հեռավորության վրա[2]։ Համայնքը բարձրլեռնային է[2]։ Քարվաճառ համայնքի սահմանային գոտով հոսում է Թարթառ գետը[2]։ Բնակավայրը գետի ափից բարձր է գրեթե 180 մ, իսկ ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1600 մ է[8]։ Կադաստրային չափագրումներ չիրականացնելու պատճառով վարչական և գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մասին ստույգ տեղեկություններ չկան[2]։00,3

Քարվաճառ քաղաքի հարակից լեռներն ու ձորերը մեծամասամբ ծածկված են եղել անտառներով։ Քաղաքի արևմտյան կողմում՝ ձորալանջը կազմված է եղել բազալտե ժայռերից և բազալտե երգեհոն հիշեցնող սյուներից, որտեղ առկա են բազմաթիվ քարանձավախորշեր։ Հարակից ձորում է գտնվում շրջանի հանքային տաք ջրերի աղբյուրներից մեկը։