Вт. Апр 16th, 2024

MediaHub-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր ժամը 11-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոն ահազանգ է ստացվել, որ թիվ 11 հիմնական դպրոցում մի քանի աշակերտների ինքնազգացողությունը վատացել է, 12 աշակերտներ՝ 9-14 տարեկան տեղափոխվել են հիվանդանոց։

Նախնական տվյալներով աշակերտներից մեկն անհայտ ծագման գազ է օգտագործել։

MediaHub.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ աշակերտը «перцовый баллончик» է իր հետ դպրոց տարել, քանի որ պարբերաբար երեխաներից մեկը իրեն նեղացրել է․ բալոնը պայթել է փչելու պահին։ Այսպիսով, կարող ենք ենթադրել, որ գործ ունենք հերթական դեպքի հետ, երբ դպրոցական տարաձայնություններն ուսուցիչները հարթել չեն կարողանում կամ ուղղակի չեն ուզում, փոխարենը՝ երեխաներն իրենց մեթոդներով են փորձում կարգավորել խնդիրները։ Եվ արդյունքում մի քանի երեխաներ են տուժել:

Իրականում, թե ի՞նչ է կատարվել՝ կպարզի քննությունը: Բայց ակնհայտ է, որ եթե մեզ հասած տեղեկությունները ճիշտ են, ապա մեղավոր են և՛ ուսուցիչները, որ իրենց քթի տակ բուլինգը չեն նկատել ու կանխել, և՛ երեխայի ծնողները:

Ի դեպ դեպքը, գուցե, այսպիսի ծավալներ չստանար ու այդքան երեխաներ չտուժեին (բարեբախաբար՝ ոչ մի լուրջ բան չկա), եթե նույն ուսուցիչներն ու դպրոցի տնօրինությունն ավելի «հետևողական» լինեին ու իրենց պարտականություններին պատասխանատու մոտենային։

Մեզ ասացին, որ տարածքն արագ չեն կարողացել օդափոխել, քանի որ դեպքը տեղի է ունեցել դպրոցի առաջին հարկում, որտեղ ուսուցիչները պատուհանների բոլոր բռնակները հանել են, որպեսզի երեխաները չփախչեն դպրոցից։ Այսինքն՝ գործ ունենք նաև անվտանգության կանոնների խախտման դեպքի հետ, քանի որ ՀՀ առողջապահության նախարարի «Հանրակրթական դպրոցների կառուցվածքի և պահպանման» սանիտարական կանոնները հաստատելու մասին հրամանում, օրինակ, նշվում է. «…դասասենյակների մաքրումը կատարվում է պատուհանների օդանցքները բաց վիճակում»:

Ինչ խոսք՝ եթե դասասենյակների պատուհանները պետք է բացվեն պարբերաբար, ապա միջանցքներում՝ պարտադիր:

Առաջին դասաժամից հետո, երբ դեպքն արդեն տեղի էր ունեցել, դպրոցի մյուս աշակերտներին տուն են ուղարկել։

Նշենք նաև, որ MediaHub-ը ժամեր շարունակ փորձեց կապ հաստատել դպրոցի տնօրինության հետ, սակայն բոլոր զանգերն անպատասխան մնացին։

Քիչ առաջ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր երեխաները, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո, դուրս են գրվել հիվանդանոցից: