Чт. Апр 25th, 2024

Հերոս Արտակ Սարգսյանին մտերիմները դիմում էին հենց այդպես՝ Գուչո։ Նա փոքր հասակում գանգրահեր էր, դրա համար էլ նրան Գուչո էին ասում՝ պատմում է մայրը։

Գուչոն 9 ամսվա ծառայող է եղել, երբ սկսվեց 44-օրյան, և նա ընկերների հետ կանգնեց առաջնագծում՝ պահպանելու հայրենիքի սահմանները։ Ցավոք, թշնամու արկը անողոք գտնվեց նաև նրա հանդեպ՝ խլելով երիտասարդ հերոսի կյանքը։

Գուչոն միշտ թաքցրել է, որ մարտի դաշտում է, ծնողները տեղյակ չեն եղել, որ տղան թեժ պայքարի մեջ է եղել։

«Իրա դեպքից մի օր առաջ՝ ցերեկը ժամը 2-ին, նամակ էր գրել. մա՛մ ջան, ամեն ինչ լավ ա, թեյ ենք խմում, նոր ենք արթնացել… Ցերեկվա 2-ին գրել ա, որ նոր ա վեր կացել, միշտ խաբել ա մեզ, ասում էր՝ պահված ա ուրիշի տանը, չեն կռվում, ճակատ չեն դուրս եկել»,- պատմում է Արտակի մայրը՝ Նելլին։

Հոկտեմբերի 25-ին Արտակը հավերժացել է՝ թշնամու ԱԹՍ-ի հարվածից, երբ մեքենայից արկեր է իջեցրել։

«Ընկերը պատմեց, որ էդ օրը մեքենայով սնարյադ են բերել, Գուչոս ա բարձրացել, որ իջացնի, սկսել ա թափել, հետո ասել ա՝ հոգնել եմ, մեջքս ցավեց, իջնեմ մեքենայի կողքը, մի քիչ հանգստանամ: Ընկերն ա բարձրացել մեքենայի վրա, ու էդ ժամանակ ԱԹՍ-ն խփել ա հենց մեքենայի կողքը, ընկերը վիրավորվել ա, իսկ Գուչոս՝ զոհվել»,- արտասվելով ասում է մայրը։

Բոլորն արդեն գիտեին, որ հերոս Արտակը զոհվել է, սակայն ոչ ոք չէր կարողանում լուրը հայտնել ընտանիքին։

«Ամուսինս մեքենայով հասել ա Կապան, բոլոր հիվանդանոցները մտել ա, ոչ ոք ռիսկ չի արել ասի։ Հետո իմացել ա, որ Մարտունի են բերել, գնացել, ճանաչել ա, դեմքը վնասված չի եղել։

Իրիկունը սաղ եկան-լցվան մեր տուն, ամուսինս հենց ներս մտավ, սկեսուրս ասեց՝ Գուչոյից ի՞նչ լուր կա, ասեց՝ մամա, Գուչոն էլ չկա»,- հուզմունքով ծանր պահերն է վերհիշում որդեկորույս մայրը։

Մայրն ասում է՝ որդին ու դուստրն այժմ ուժ են տալիս ապրելու, սակայն չեն լրացնում հերոս Արտակի թողած բացը։

«Ցավս չի սփոփվում։ Շատ կապված էինք, ես իմ երեխեքիս շատ եմ սիրում, տարբերություն չեմ դնում, ուղղակի Գուչոն ուրիշ տեսակ մարդ էր»,-հուզմունքը հազիվ խեղդելով ասում է տիկին Նելլին։